09-06-2015 14:48

Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային փրկել Եգիպտոսի նախկին նախագահին

Վերջին օրերին թուրքական մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին հնարավոր է Թուրքիայի քաղաքացիություն շնորհել և, Եգիպտոսի քաղաքացիությունից հրաժարվելու ու Թուրքիային արտահանձնվելու եղանակով խուսափել նրա հնարավոր մահապատժից: Այս առիթով news.gisher.ru-ն զրուցեց Արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Բավականաչափ խնդրահարույց է՝ թեպետ նման տեղեկտվության հիմքում, ըստ էության, եգիպտական դատական պրակտիկայում վերջերս գրանցված նախադեպն է՝ նույն «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության մեկ այլ ակտիվիստ Մուհամմադ Սուլթանի օրինակը, ով արտաքսվեց ԱՄՆ: Մինչդեռ այս երկու դեպքերի միջև առկա են էական տարբերություններ, որոնք ավելի են բարդացնում Մուրսիի՝ Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը»: Փորձագետի խոսքով՝ թեև, ըստ եգիպտական օրենսդրության, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մահապատժի որոշումները կարող են չեղյալ համարվել դատարանի որոշմամբ, այնուամենայնիվ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնց առկայությունը չի կարելի շրջանցել: «Նախ և առաջ իրավական նրբությունները՝ վերոնշյալ Մուհամմադ Սուլթանն, ի տարբերություն Եգիպտոսի պաշտոնաթող արված նախագահի, ամերիկյան անձնագիր ուներ դեռևս ձերբակալման պահին: Բացի այդ, ի տարբերություն Մուրսիի, նա դատապարտված էր ցմահ ազատազրկման: Գործընթացի հնարավորության հաջորդ և ամենաէական խոչընդոտն, եգիպտաամերիկյան հարաբերությունների համեմատությամբ, եգիպտաթուրքական հարաբերությունների լարված բնույթն է, ինչը հատկապես իր գագաթնակետին է հասել շուրջ 2 տարի առաջ՝ հեղաշրջման միջոցով նույն Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելու պատճառով»,-մանրամասնց փորձագետն ու հավելց. «Այսպիսով, ինչ է ստացվում, եթե եգիպտական իշխանություններն, այնուամենայնիվ, արտահանձնեն Մուրսիին Անկարային, ապա թուրքական քարոզչամեքենան երևույթը կներկայացնի որպես Թուրքիայի բարձրագույն իշխանությունների դիվանագիտական հաղթանակ Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ ալ Սիսիի և նրա գլխավորած վարչակարգի նկատմամբ՝ հերթական անգամ ընդգծելով Թուրքիայի առաջնորդ Ռ.Թ. Էրդողանի սկզբունքայնությունն ու Անկարայի առաջնայնությունը՝ իսլամական արմատական կառույցներին հովանավորելու գործում. մինչդեռ վերոնշյալը, հաշվի առնելով նաև Եգիպտոսի ներկա նախագահի ամբիցիաները, գրեթե զուրկ է հավանականությունից»: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այլ հարց է, որ Մուրսիին՝ Թուրքիային արտահանձնելու գործընթացն օգտագործվի նաև դիվանագիտական նպատակներով: Այս դեպքում պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Եգիպտոսի նախկին նախագահի հնարավոր մահապատիժն էականորեն կհարվածի այդ երկրի ներկա վարչակարգի արտաքին իմիջին՝ հանդիսանալով վերջին 2 տարիների ընթացքում նախկինում Եգիպտոսի իշխանության գլխին կանգնած «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացվող բռնաճնշումների գագաթնակետը: «Այս համատեքստում, հատկապես հաշվի առնելով Պարսից ծոցի արաբական միապետությունների և հատկապես Կատարի ջանքերը՝ եգիպտաթուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, չի բացառվում, որ արտահանձնման գործընթացը ներկայացվի որպես եգիպտաթուրքական սառույցի հալվելուն միտված սկզբնաքայլ»,նշեց զրուցակիցս, շարունակելով, թե հակառակ պարագայում, եթե խնդիրն առնչվում է զուտ Մուրսիի մահապատժից խուսափելուն, ապա շատ ավելի հավանական է նրա արտաքսումն վերոնշյալ արաբական երկրներից որևէ մեկը:

Տաթև Առաքելյան