Բավ է պառակտվել
21-04-2014 10:17

Թուրք ակտիվիստների հրավերով եվրոպացի հակառասիստները Ստամբուլում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 21-25-ին, Եվրոպայի հակառասիստական շարժումն ու Համահայկական բարեգործական միության եվրոպական մասնաճյուղը թուրք ակտիվիստների հրավերով կայցելեն Թուրքիան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Երկու եվրոպական կազմակերպությունների ու թուրքական «DurDe» կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլի 25-ին կայցելեն նաեւ Երեւան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, արդեն երկրորդ անգամ եվրոպական պատվիրակությունը, որը բաղկացած է մոտավորապես հակառասիստական 20 կազմակերպությունների առաջնորդներից եւ 15 երկրներ ներկայացնող հայերից, Թուրքիայում կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին:

Այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում Շառլ Ազնավուրը, Սերժ Քլարսֆելդը, Բերնար Քուշները, Դարիո Ֆոն, Ադամ Միխնիկը, Բեռնար Անրի Լեւին, Թահար Բենջելունը, Ահմեդ Ինսելը, Օլիվերո Տոսկանին, Յովան Դիվնյակը, ինչպես նաեւ եվրոպական, թուրքական եւ հայկական քաղաքացիական հասարակությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ստորագրել են համապատասխան ուղերձի տակ:

Այդ ուղերձը մոտ օրերս կհրապարկվի եվրոպական մամուլում, այդ թվում ֆրանսիական «Le Monde»-ում, իտալական «La Repubblica»-ում, լեհական «Gazeta Wyborcza»-ում, բելգիական «Le Soir»-ում, դանիական «Kristeligt Dagblad»-ում, պորտուգալական «Publico»-ում, շվեյցարական «La Tribune de Genève»-ում եւ եվրոպական այլ երկրների հայտնի թերթերում: