Բավ է պառակտվել
15-07-2016 13:32

Նիսի ահաբեկչությունից հետո Իսպանիան, Իտալիան և Գերմանիան ուժեղացնում են սահմանային վերահսկողությունը

Իսպանիայում միջոցներ են ձեռնարկվել Ֆրանսիայի հետ սահմանի վերահսկողությունը ուժեղացնելու համար: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Խորխե Ֆերնանդես Դիասը:

«Ամենայն հավանականությամբ այդ հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետությունը» (արգելված է Ռուսաստանում -խմբ.), - ասել է Ֆերնանդեսը:
Նա նաև նշել է, որ ՆԳՆ-ն կքննարկի երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման հարցը: Ներկայում Իսպանիայում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ մակարդակը հնարավոր հինգից:

Բացի Իսպանիայից լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել նաև Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին: «Մենք տեղեկատվություն ենք ստացել, որ փախստականները կարող են ուղեվորվել Իտալիա, սակայն այս պահին ոչ մի կոնկրետ փաստեր չունենք», - նշել է ոստիկանության մամլո քարտուղարը:

Բացի այդ, Ֆրանսիայի հետ սահմանին վերահսկողությունը խստացրել է նաև գերմանական Դաշնային ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ։ Ահաբեկչության զոհ է դարձել 84 մարդ: Ֆրանսիայի նախագահը այդ հարձակումը ահաբեկչություն է անվանել: