Բավ է պառակտվել
15-08-2014 14:33

Սաակաշվիլին Թբիլիսիում խռովություններ է պատրաստում. վրացի քաղաքական գործիչ

Վրացի հայտնի քաղաքական գործիչ Զուրաբ Խուբուլաշվիլին Комсомольская правда պարբերականին պատմել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ իշխանության վերադառնալու գաղտնի պլանի մասին։
«Վրաստանի համազգային ժողովի» անդամ Խուբուլաշվիլին վերջերս հայտարարել է, որ իմացել է Սաակաշվիլիի և Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի նահանգապետ, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու միջև գործարքի մասին։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին մտադիր է տապալել Թբիլիսիի նոր իշխանությանը։
«Ուկրաինայում Կոլոմոյսկու շտաբից տեղեկությունը գետի նման հոսում է։ Ինձ զանգահարել և ասել են, որ կայացել է Սաակաշվիլիի և Կոլոմոյսկու հանդիպումը, և հավատացե՛ք, իմ ասածների ապացույցը կա։ Հանդիպմանը ներկա են եղել Աջարիայի նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վաշաձեն։ Այնտեղ քննարկել են, թե ինչպես Կոլոմոյսկուն պատկանող «Պրիվատ-բանկ» կգան և կլվացվեն օֆշորային հաշիվներում գտնվող գումարները։ Այդ գումարները երկրից դուրս է բերել Սաակաշվիլիի կուսակցությունը։ Գումարները հսկայական են։ 19 մլրդ դոլարով նրա կողմնակիցները մտադիր են խարխլել իրավիճակը Վրաստանում»,- ասել է Խուբուլաշվիլին։
Նրա խոսքով՝ Պորոշենկոն և Սաակաշվիլին համակուրսեցիներ են եղել։ Այժմ Վրաստանի նախկին նախագահը նրա խորհրդականն է։ Նրանց հետ է սովորել նաև Վարշալոմիձեն։ Բացի այդ, Ուկրաինայում է այժմ գտնվում Սաակաշվիլիի մտերիմ շրջապատը, օրինակ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն այժմ էկոնոմիկայի հարցերով խորհրդական է Ուկրաինայի կառավարությունում։
Խուբուլաշվիլին հայտնել է նաև, որ Սաակաշվիլին Վրաստանի փրկության շտաբ է ստեղծել և, պարզ է, որ նա կփորձի ապակայունացնել իրավիճակը երկրում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մեծ գումարներ ներմուծել երկիր։ «Նրանք փորձեցին ուղի գտնել ադրբեջանական սահմանի միջոցով, սակայն 2 պատգամավոր միլիոնավոր դոլարներով ձերբակալվեցին, իսկ դա նշանակում է, որ այդ ճանապարհն արդեն փակ է»,- ասել է քաղաքական գործիչը։
Ըստ Խուբուլաշվիլիի՝ Սաակաշվիլին և նրա արևմտյան հովանավորները որոշել են գործել Կոլոմոյսկու բանկի միջոցով, որն ավելի քան 200 մասնաճյուղ ունի Վրաստանում։ Այժմ փոխվում են այդ մասնաճյուղերի ղեկավարությունները, հատկապես երկրի արևմտյան շրջաններում, որտեղ Սաակաշվիլին դեռևս հայտնի է։ Հենց այստեղ նրանք կփորձեն խռովություններ առաջացնել։
Եզրափակելով՝ Խուբուլաշվիլին նշել է, որ Ուկրաինան և Սաակաշվիլին նույն տերն ունեն՝ ԱՄՆ-ն։