Բավ է պառակտվել
03-06-2016 13:08

Թուրքիայի վարչապետ. Բունդեսթագի որոշումը չի խաթարի Բեռլինի հետ հարաբերությունները

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Գերմանիան և Թուրքիան շատ կարևոր դաշնակիցներ են, և ոչ մի որոշում չի կարող փչացնել երկու երկրների հարաբերությունները

Գերմանիայի Բունդեսթագի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարողանա լիովին վատթարացնել թուրք-գերմանական հարաբերությունները, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը, կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն:
«Քվեարկությանը մասնակցել է գերմանական խորհրդարանի 650 պատգամավորից շուրջ 250-ը։ Ինչպիսի պայմաններ էլ ձևավորվեն, մենք շարունակելու ենք հարաբերությունները մեր բարեկամների ու գործընկերների հետ։ Գերմանիան և Թուրքիան շատ կարևոր դաշնակիցներ են, և ոչ ոք չպետք է սպասի, որ նման որոշումները կարող են լիովին փչացնել մեր հարաբերությունները։ Սակայն սա չի նշանակում, որ մենք նման որոշումն առանց արձագանքի կթողնենք», — ուրբաթ լրագրողներին հայտնել է Յըլդըրըմը։
XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։
Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։