Բավ է պառակտվել
27-01-2014 14:32

Տեղի է ունեցել, Կիևի բախումների զոհ, հայազգի Սերգեյ Նիգոյանի հուղարկավորությունը. Տեսանյութ

 Обозреватель-ը հայտնում է, որ երեկ, հունավարի 26-ին, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում տեղի է ունեցել Սերգեյ Նիկոյանի՝ Կիևի բախումների առաջին զոհի հուղարկավորությունը:

Սերգեյի մահվան առթիվ օգտատերերն անգամ գրառումներ են անում ֆեյբուքում. Բորիս Ֆիլատով անունով օգտատերը գրել է. «Սերյոժային հանձնեցին հողին։ Հազարավոր մարդիկ էին եկել գյուղ, ուր շատ դժվար է հասնել։ Ծաղիկներ դնելու համար անհրաժեշտ էր հերթ կանգնել։ Երբ դագաղն իջեցնում էին, մարդիկ սկսեցին երգել Ուկրաինայի հիմնը»:

Ըստ «Комсомольская правда» պարբերականի տվյալների՝ երիտասարդին վերջին հրաժեշտը տալու էին եկել հազարավոր մարդիկ. մարդկանց և ավտոմեքենաների շարքը հասել է մինչև 1 կմ-ի։ Չնայած -12 աստիճան ցրտին և քամուն՝ համագյուղացիները որոշել էին դագաղը բռնած տանել մոտ 1.5 կմ։

«Գագիկը և Վեներան Ուկրաինա էին տեղափոխվել  Լեռնային Ղարաբաղից՝ 1990-ին։ Մտածում էին, որ փրկվել են պատերազմից և մահից, սակայն մահը հասավ այստեղ՝ նրանց Սերյոժային»,- արտասվելով պատմել են Նիկոյանների հարևանները։

Իսկ ահա, հարկ է նշել, որ Սերգեյն ընտանիքի միակ որդին էր, ծնողների ցավն անպատմելի է: Սերգեյի մասին պատմել է անգամ գյուղխորհրդի նախագահը. «Նիկոյանների ընտանիքը շատ համերաշխ է, միշտ հաշտ են ապրել։ Սերգեյը դպրոցում հեշտությամբ սովորեց ուկրաիներենը։ Այնքան լավ էր տիրապետում լեզվին, որ նրա սիրելի գրողներից էր Տարաս Շևչենկոն»:

Համագյուղացիները պատմել են, որ այդ օրը, երբ գնացել են Սերգեյի մահվան լուրը ծնողներին պատմելու, մայրն ամեն բան հասկանալով, ցածրաձայն ասել է«Սերյոժան մահացել է հանուն Ուկրաինայի...»։