03-12-2016 09:53

Հայտնաբերվել են Եգիպտոսի թագուհի Նեֆերտարիի մումիայի մնացորդները

Ցյուրիխի համալսարանի էվոլյուցիոն բժշկության ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ 1904 թվականին իտալացի հնագետ Էռնեստո Սկիպարելիի հայտնաբերած մումիայի մնացորդները ամենայն հավանականությամբ պատկանում են Եգիպտոսի թագուհի Նեֆերտարիին:

Ուսումնասիրելով մեզ հասած մումիայի միայն ոտքը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ Նեֆերտարին ունեցել է 165-168 սմ հասակ: Կինն իր ժամանակակիցներից ավելի բարձրահասակ է եղել: Գիտնականները նաեւ ենթադրում են, որ նա մահացել է 40-50 տարեկանում, ինչը համընկնում է գիտական տվյալներին, որոնց համաձայն՝ նա մահացել է 45 տարեկանում:

Միաժամանակ մասնագետները 100-տոկոսանոց երաշխիքներ չեն տալիս, որ մումիայի մնացորդները Նեֆերտարիինն է: Եգիպտագետ Միխայել Հաբիհթը նշում է, որ քանի որ մումիան շատ վնասված է եղել, հետազոտողներն այդպես էլ չեն կարողացել ԴՆԹ անալիզի համար նմուշներ վերցնել:

Նեֆերտարին փարավոն Ռամզես 2-րդ Մեծի կինն էր՝ հայտնի իր բացառիկ գեղեցկությամբ: