29-10-2016 17:01

Սեուլում 25 հազարից ավել մարդ է մասնակցում նախագահի հրաժարականի պահանջով ցույցին

Հարավային Կորեայում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Փաք Կըն Հեի հրաժարականը: Տարբեր գնահատականներով, ցույցին 25-35 հազար մարդ է մասնակցում: Ավելի վաղ հարավկորեական արհմիությունները խոստացել էին առնվազն 200 հազար մարդու դուրս բերել փողոց:

Ցուցարարները վանկարկում են «Փաք Կըն Հե, հեռացի՛ր», «Իմփիչմենթի ժամանակն է»: Ցույցը խաղաղ է անցնում, շատերը երեխաների հետ են եկել: Հավաքի մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ են:

«Մենք հանդես ենք գալիս Փաք Կըն Հեի հրաժարականի օգտին, քանի որ նա խաթարել է ժողովրդի վստահությունը՝ պետական կառավարմանը կողմնակի մարդկանց ներգրավելով»,- ասել է Սեուլի պետական համալսարանի ուսանողներից մեկը:

Բազմաթիվ ցուցարարների վիրավորել են ոչ այնքան նախագահի կատարած չարաշահումները, որքան այն, որ նա փորձել է հերքել փաստերը՝ ընդունելով միայն այն բանից հետո, երբ անհերքելի ապացույցներ են հրապարակվել: