Բավ է պառակտվել
02-11-2015 09:53

Թուրքիայում հաղթել է իշխող կուսակցությունը

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության հաղթանակով: 
Հունիսի 7-ի ընտրություններում միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկվա ընտրությունների արդյունքում կարողացավ նվաճել կառավարություն ձևավորելու իրավունքը։ 
Ըստ «Անադոլու» գործակալության հրապարակած նախնական տվյալների՝ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49%-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։ 
Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ձայների մոտ 40 տոկոսը կամ 258 մանդատ: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի փորձերն արդյունք չէին տվել։ 
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) փոքր- ինչ բարելավել է դիրքերն ու հաջորդ գումարման խորհրդարանում կունենա 135 մանդատ։  
Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների համեմատ 4.3 տոկոսով քիչ ձայն է հավաքել՝ կորցնելով խորհրդարանական 39 մանդատ: 
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ընտրողների թիվը պակասել է մեկ միլիոնով: Կուսակցությունը հազիվ հաղթահարել է 10 տոկոսի արգելքն ու խորհրդարանում նախորդ 80-ի փոխարեն կունենա 59 պատգամավոր։

«Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը, մեկնաբանելով նոյեմբերի 1-ին կայացած ընտրության արդյունքները, գրել է. «Դժվարին փուլ ենք մտնում, սակայն հոռետես լինելը ճիշտ չի լինի»: 
Նրա խոսքով՝ քրդերի հետ բախումների ընթացքում ԱԶԿ-ի օգտագործած կոշտ, ազգայնական ելույթներն իրենց արդյունքը տվեցին։ 
«Քրդական հարցի լուծման առումով դա մեզ շատ լավ բաներ չի խոստանում, ԱԶԿ-ի ավտորիտարիզմը զսպելու հարցում նույնպես»,-գրում է Տանձիկյանը։ 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ հունիսի 7-ի ընտրության կրկնությունը համարվող նոյեմբերի 1-ի ընտրությունն անցել է ժողովրդավարական չափանիշներով։ 
Նա նշել է, որ այդ ընտրությունները Թուրքիայում արդեն 13 տարի իշխող ԱԶԿ-ին հնարավորություն են տվել ևս 4 տարի ղեկավարել: Նա շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած բոլոր կուսակցություններին, քվեարկությանը մասնակցած ժողովրդին ու շնորհավորել վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: 
Ընդդիմադիր ամենամեծ ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարել է, թե դժգոհ են իրենց գրանցած արդյունքից, սակայն հարգում և ընդունում են քվեարկության արդյունքում ստեղծված պատկերը: 
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահներ Սալահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը հիշեցրել են, որ ընտրություններին նախորդած շրջանը «կոտորածի քաղաքականությամբ ու ճնշումներով» է ուղեկցվել, և նշել են, որ իրենք առաջիկայում կներկայացնեն իրենց քննադատություններն ընտրությունների վերաբերյալ: Չնայած դրան՝ գործիչները խոստացել են շարունակել «խաղաղության քաղաքականությունը»:
«Ազգայնական շարժում» կուսակցությունից հերքել են առաջնորդ Դևլեթ Բահչելիի հրաժարականի մասին լուրերը: Վերջինս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ժողովուրդը «կոալիցիա ստեղծելուց խուսափած ԱԶԿ-ին միայնակ իշխելու վիզա է տրամադրել»։
Կուսակցության առաջնորդը, սակայն, խոստացել է հնարավորության սահմաններում պայքարել ու տեր կանգնել ազգի ու պատմության ժառանգությանը։