Բավ է պառակտվել
31-12-2014 08:05

Ինչպե՞ս են Նոր տարին նշում աշխարհում

Իհարկե, աշխարհում ոչ բոլորն են Նոր տարին դիմավորում հեռուստաէկրանի առջեւ` խոզի բուդ եւ «օլիվիե» աղցան համտեսելով:

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում, ինչպես նաեւ ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:
Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:
Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:
Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:
Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:
Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:
Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:
Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:
Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ:
Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում, անվանում են Պապա Պասկուալե:
Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում: Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:
Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:
Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է: Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:
Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին: