Բավ է պառակտվել
14-03-2016 09:05

Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ վիրավորվել է: 
Ականապատված մեքենան պայթել է հենց քաղաքի կենտրոնում գտնվող ավտոբուսների կանգառում` երկու ավտոբուսի արանքում: Ուժեղ պայթյունի ձայնը լվել է Անկարայի տարբեր շրջաններում: «Դեպքի վայրում զոհվել է 30 մարդ։ 4 քաղաքացի մահացել է հիվանդանոցներում։ Մենք ենթադրում ենք, որ դեպքի վայրում մահացածներից առնվազն մեկը կամ երկուսը մահապարտ-ահաբեկիչ են: Վիրավորներից 19-ի վիճակը ծանր է»,- ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը: Թուրքիայի նախագահն ահաբեկչությունից հետո ուղերձով դիմել է թուրք ժողովրդին՝ նշելով, որ Թուրքիայի պատրաստակամությունն ահաբեկչության դեմ պայքարում ավելի է ուժեղանալու:Նշվում է նաև, որ այս հարձակումը վերջին ամիսների ընթացքում արդեն հինգերորդ խոշոր ահաբեկչությունն է Թուրքիայում: Դրանց հետևանքով, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 մարդ է մահացել: Երեք ահաբեկչական հարձակման համար պատասխանատու է «Իսլամական պետություն» կազմակերպությունը, իսկ  Անկարայում փետրվարի 17-ի հարձակման պատասխանատվությունը ստանձնել են  «Քուրդիստանի ազատության Բազեներ» քրդական արմատական  խմբավորումը: Թուրք ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնել ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը՝ դատապարտելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: