Բավ է պառակտվել
30-05-2016 08:48

Սիրիական ընդդիմության գլխավոր բանակցորդը հրաժարական է տվել

Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի գլխավոր բանակցորդ Մոհամմադ Ալուշը մտադիր է լքել պաշտոնը՝ ի նշան բողոքի Ժնևում միջսիրիական բանակցությունների տապալման դեմ: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում «զգալ սիրիացի ժողովրդի արյան կարևորությունը, որը շարունակում է տառապել ռեժիմի և նրա դաշնակիցների գործողություններից» և ի վիճակի չէ վերջ տալ սիրիացի ժողովրդի տառապանքներին: Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Նաասան Աղան գործակալությանը հայտնել է, որ կոմիտեի պատվիրակությունը դեռ նոր ներկայացուցիչ չի ընտրել Ալուշի փոխարեն: Ապրիլին Ժնևում ավարտվել է միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը: ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրային չի հաջողվել այդ ժամանակաընթացքում կողմերին ուղիղ բանակցությունների տանել: Բանակցությունների բարձրագույն կոմիտեն դադարեցրել է մասնակցությունը բանակցություններին՝ Սիրիայի կառավարությանը մեղադրելով միջազգային որոշումները չիրագործելու և կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ: Դե Միստուրայի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը կարող է նշանակվել հուլիսի սկզբին: