Բավ է պառակտվել
30-04-2014 10:22

Ֆրանսիացի պատգամավոր. ՛՛Էրդողանը թող սահմանը Հայաստանի հետ բացի՛՛

Ֆրանսիայի Ազգային ժողովում ՛՛Միություն հանուն ազգային շարժումը՛՛ ներկայացնող պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած ցավակցությունները 1915թ.-ին զոհված հայերի սերունդներին համարում է ՛՛առաջին քայլ՛՛: Այդ մասին գրում է բելգիական «La Libre» թերթը՝ վկայակոչելով «France-Presse» գործակալությանն ու մեջբերելով ֆրանսիացի պատգամավորի հետ հարցազրույցը:

Արդյո՞ք Էրդողանի խոսքերը Ձեզ համար որոշիչ քայլ են ցեղասպանության ճանաչման ճանապարհին, հանուն ինչի որ պայքարում եք:

Հնարավոր է այդ խոսքերն ավելի առաջ գնան, քան ինքն է իրեն պատկերացնում: Անվիճելի փաստ է, որ 99 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան ցավակցություն հայտնեց զոհերի սերունդներին: Ուստի սա դեպի ճանաչում տանող քայլ է: Բացի այդ նա ընտրեց ապրիլի 24-ը, երբ Թուրքիայի ողջ հայկական վերնախավը ձերբակալվեց, այնուհետեւ սպանվեց: Այսպես թե այնպես, օրվա ընտրությամբ նա ինչ-որ ճանաչում հնչեցրեց, որը հետագայում կհանգեցնի ցեղասպանության ճանաչման: Նա հրաժարվում է որակավորել այն, փորձում է խուսանավել, սակայն ընտրել է այնպիսի մի օր, որը կապված է ցեղասպանության հետ:

Ինչպե՞ս կբացատրեք այս միտումը:

Էդրողանին անհանգստացնում են թուրքական հանրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Մենք այլեւս այն ժամանակներում չենք, երբ այդ երկրում տեղեկատվությունը կապարե փականների ներքո էր: Համաշխարհայնացումը տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս: Թուրքական վերնախավն այժմ ավելի շատ է ճանաչում ցեղասպանության փաստը, ինչպես օրինակ միակ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն ու պատմաբան Տաներ Աքչամը: Ինչ վերաբերում է նախագահ Աբդուլա Գյուլին, ապա նա Էրդողանից համարձակ է հայերի հետ շփման մեջ: Ի հավելում ներքին պատկերացումներին, Թուրքիայի հովանավոր ԱՄՆ-ը շատ մոտ է ճանաչմանը, ինչի մասին խոստացել էր Օբաման: Իրադարձությունների հարյուրամյակի նախօրեին Անկարան ռիսկի է դիմում ավելի մեկուսանալ: Էրդողանը ցանկացավ ականազերծել իրավիճակն, ուստի ստիպված էր մտավոր զիջումների գնալ:

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի հաջորդ քայլը:

Էրդողանը կոչ է անում երկխոսություն հաստատել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Երկխոսության համար հարկավոր է հանդիպել: Թող նա սահմանը բացի: