Բավ է պառակտվել
17-03-2014 14:56

Ադրբեջանը պիտի զգուշանա, քանի որ Ռուսաստանն անգամ մի առիթի դեպքում կգործի շատ արագ

 

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելիս մի շարք մասնագետներ փորձում են համեմատական անցկացնել և պարզել, արդյո՞ք վերջինս կարող է ինչ-որ ձևով բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության վրա: Իսկ ահա, Ղարաբաղ կոմիտեի նախկին անամ Աշոտ Մանուչարյանը պնդում է, որ այսօր հանգուցային կիզակետը Ղարաբաղը չի լինելու, բացառվում է Ղարաբաղի հետ որևէ խնդիր ուկրաինական իրադարձությունների հետ կապված, բայց եթե Ադրբեջանն այժմ նույնիսկ մի առիթ էլ տա, Ռուսաստանն անկասկած գործելու է: Ըստ նրա՝ այս պահին Ադրբեջանը ճիշտ կանի՝ ձայն չհանի, քանի որ նրա գործողությունները կլինեն ոչ ի նպաստ իրեն։ «Ռուսներն արտահայտություն ունեն՝ «тише воды, ниже травы». Ադրբեջանն այդ վիճակում պետք է լինի, որ փորձի խուսափել փորձանքներից իր համար: Այսօր Ռուսաստանը, որը մտել է այդ պատերազմի մեջ, մարտունակ լինելու համար պետք է ամբողջականացնի իր ազդեցության տարածքները, որն ինքն օրինական է համարում։ Նրա համար ակնհայտ հերթական թիրախն Ադրբեջանն է, որ նրա կարգավիճակը փոխվի։ Ադրբեջանն այսօր «պլացդարմ» է արևմտյան ուժերի համար՝ Միացյալ Նահանգներ, Բրիտանիա և Իսրայել։ Արդյունքում դա պետք է դառնա Ռուսաստանի համար բարեկամական տարածք, ըստ էության՝ ռուսական ազդեցության ոլորտին ինտեգրված տարածք։ Մի առիթ էլ տա հիմա, Ռուսաստանն անկասկած գործելու է»,-ասաց նա։

Այս պարագայում բանախոսը տեղին է համարում մեջբերել Բիսմարկի գնահատականն ուղղված Ռուսաստանին։ «Ասում էր՝ հարյուր մեթոդ գիտեմ արջին որջից հանելու համար, բայց չգիտեմ ոչ մի մեթոդ, որով նրան կարելի է հետ տեղավորել։ Այսինքն` Ռուսաստանն անկասկած դուրս է եկել, և ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին, որ նա կատարեց այդ միսիան, որովհետև դա մարդկության համար շատ կարևոր է»,-նշեց նա։
Աշոտ Մանուչարյանի նշեց, որ այսօր զարգացումների համատեքստում կարևորը Թուրքիան է, որը կարող է պրովոկացիաների ենթարկվել։

«Թուրքիան պետք է տրոհվի, հիմնական նպատակն է Քրդստան կայացնելը, տարածաշրջանը տրոհել, թաթախել արյան մեջ՝ հին աշխարհակարգը պահելու համար։ Հայաստանի համար կետերից մեկը Նախիջևանն է, և մենք այսօր մեր դաշնակիցների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ պետք է շատ լուրջ բանակցենք Նախիջևանի հետ կապված։ Արդեն մի քանի ամիս է՝ խոսում ենք այդ հարցով, որ կարող է նման բան լինել, բայց պետք է լուրջ քաղաքական քննարկման դաշտում լինի նաև»,-ասաց նա։