31-05-2016 15:03

Լեգենդար Պելեն աճուրդի է հանում իր բոլոր պարգեւները

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն որոշել է վաճառել իր բոլոր պարգևները։

Լոնդոնի աճուրդներից մեկում 75-ամյա Պելեն կվաճառի բոլոր երեք մեդալները, որոնք արժեն 100-200 հազար դոլար:

Վաճառքի կհանվի նաեւ հատուկ ֆուտբոլիստի համար պատրաստված ՖԻՖԱ-ի հիմնադիրներից Ժյուլ Ռիմեի մրցանակը։ Այս յուրօրինակ խորհրդանիշը կլինի ամենաթանկը եւ կարժենա 400–600 հազար դոլար։

Աճուրդի մասնակիցները կարող են գնել նաեւ լեգենդար ֆուտբոլիստի այլ իրեր, ինչպես օրինակ՝ նավերի եւ ինքնաթիռների մոդելները, խորհրդանշական այլ հուշանվերներ։ Վաճառքի հանված ողջ տեսականին մոտավորապես գնահատվում է 5 միլիոն դալար։

«Նման որոշում կայացնելը հեշտ չէր։ Հեշտ չէ նաեւ բոլոր այդ իրերը նորմալ վիճակում պահելը, եւ կարծում եմ, ավելի օգտակար կլինի այդ պարգեւները կիսել մարդկանց հետ, ինչը նաեւ ինձ կօգնի իմ համար կարեւոր գործերում»,- նշել է Պելեն։

«Նման որոշում կայացնելու բազմաթիվ պատճառներ կան, մի քանիսը դրանցից խիստ անձնական են և դրանց մասին գիտի միայն ինքը՝ Պելեն»,- ասել է Julien’s Auctions-ի պատասխանատուներից մեկը։

Աճուրդը նախանշված է հունիսին և կտևի երեք օր։ Ստացված գումարի մի մասը կհատկացվի բրազիլական մանկական հիվանդանոցներից մեկին։

Պելեն միակ ֆուտբոլիստն է, որ երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն։ ՖԻՖԱ-ը նրան ճանաչել է Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստ։