Բավ է պառակտվել
14-10-2014 21:58

Հայաստանի հավաքականը ֆրանսիացիների հետ ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվեց

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր Երեւանում ընկերական խաղ անցկացրեց ԱԱ-2014-ին մասնակցած ֆրանսիացիների հետ՝ պարտվելով 0:3 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հյուրերից աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» նորեկ Լոիկ Ռեմին, «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը: Սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկ փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում՝ վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով ռուսական «Զենիթի» 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում: Երկու թիմերն էլ բավական ակտիվ սկսեցին խաղը: Առաջին խաղակեսում ֆրանսիացիներն ունեին տարածքային ու խաղային առավելություն եւ ստեղծեցին մի քանի գոլային պահ, որոնցից իրացրին մեկը: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լոիկ Ռեմին: Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականը եւս ակտիվ է առջեւի գծում եւ 2 անգամ անհանգստացրեց «Մարսելի» դարպասապահ Ստիվ Մանդանդային: Երկու դեպքում էլ հարվածային դիրքում հայտնվեց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ում հարվածներից մեկը շեղ ընթացավ, իսկ մյուսից հետո Մանդանդան փրկեց ֆրանսիացիներին: Ընդմիջումից րոպեներ առաջ Հայաստանի թիմին գոլից փրկեց նաեւ 40-ամյա Ռոման Բերեզովսկին, ով հետ մղեց «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակի հարվածը: Ընդմիջումից հետո ֆրանսիացիների առավելությունը հսկայական էր: Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ հյուրերը կառավորում էին խաղը: 55-րդ րոպեին փախարինման դուրս եկած Պոլ Պոգբան, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ժինյակը: Երկրորդ խաղակեսում թիմերի մարզիչները կատարեցին մի շարք փոխարինումներ, իսկ Բեռնար Շալանդն ավելի շատ թարմացնում էր պաշտպանությունը, որը սխալվեց 83-րդ րոպեին: Անտուան Գրիզմանը մեն-մենակ դուրս եկավ Բերեզովսկուն փոխարինած Գեւորգ Կասպարովի դեմ՝ վերջակետ դնելով խաղին: