24-03-2016 10:44

Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ

Տոպալովի հետ պարտիայի միջնախաղում կոպիտ սխալը զրկեց ինձ առավելությունից եւ հանգեցրեց հավասար խաղի, ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ ոչ ոքի խաղալուց հետո: «Դիրքը հետաքրքիր էր: Ես հավանում էի, բայց վստահ չէի, որ առավելություն ունեմ: Հետո տեղի ունեցավ ինչ-որ մթագնում: Չգիտեմ՝ ինչու, ես կարծում էի, որ շահում եմ զինվորը, բայց թերագնահատեցի նավակի քայլը c8: Դրանից հետո արդեն գրեթե չկար առավելություն, եւ ես ցասումից սկսեցի կատարել բացարձակ հիմար քայլեր: Հետո արդեն ես էի ստիպված զգույշ խաղալ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Տոպալովին: Լավ խաղացողների մեծությունն այն է, որ նրանք ամեն պահի կարող են միացնել 5-րդ փոխանցումը: Երբ նավակը e5-ի վրա էր, ես ունեի մեծ առավելություն, կարելի էր խուսափել փոխանակությունից, բայց ես ինքս մտա դրա տակ: Դիրքը լավն էր, բայց ես Բուրիդանի ավանակի նման, ոչ մի կերպ չէի կարողանում ընտրել, թե որ շարունակությունն է ավելի լավը: Վերջում այդ կենդանու նման էլ ավարտեցի: Մինչ ընտրում էի, թե որ քայլերն են ավելի լավը, առավելությունից ոչինչ չմնաց: Այսօր շատ վատ էի խաղում: Եթե մնացած տուրերում էլ այսպեմ գործեմ, ապա ոչ մի բան չի ստացվի: Հավաքվել է պետք»,- ասել է Լեւոն Արոնյանը: Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5: