Բավ է պառակտվել
08-08-2016 13:57

Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին սոցցանցերում «գրոհել» են հիացած երկրպագուները

Հիացած երկրպագուները սոցիական ցանցերում հաղորդագրություններով ողողել են մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին, ով Ռիո Օլիմպիադայում ներկայացնում է Հայաստանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գեբեշյանը:

«Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, որ ժամանակս նույնիսկ չի բավականացնում պատասխանել: Իմ երկրպագուները լավագույնն են: Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության համար: Իսկապես անհամբեր սպասում եմ` երբ կկարողանամ կարդալ այս բոլոր հաղորդագրությունները», - գրել է Գեբեշյանը:

Միաժամանակ, Հուրի Գեբեշյանի անունով գեղարվեստական մարմնամարզության մեջ կանվանվի նոր տարր: Զուգափայտերի վրա վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

 Ցավոք, բազմամարտում հավաքելով 53.748 միավոր` Գեբեշյանը զբաղեցրեց 38-րդ տեղը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Ավելի վաղ 27-ամյա Գեբեշյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերից հետո մտադիր է լքել մեծ սպորտը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը մարմնամարզության մարզաձևում ներկայացնում են երեք մարզիկներ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը:

Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։