03-10-2016 09:09

Մխիթարյանը հավանական է բաց թողնի ՀՀ-ի հավաքականի առաջիկա հանդիպումները

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից, որում անգլիական ակումբը խնդրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։

Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է, որՀենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։

Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նա մասնակցել է մանչեսթերյան դերբիին, ինչի պատճառով վնասվածքն էլ ավելի էր խորացել:

«Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս մասնակցել որևէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: