03-09-2016 11:49

Միհրան Հարությունյանը մեկնաբանել է ադրբեջանցու նկատմամբ հաղթանակից հետո պատվի առնելու ժեստը

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ երբեք ատելությամբ լցված չի եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով Օլիմպիական մրցույթի կիսաեզրափակչում աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ հաղթանակից հետո պատվի առնելու ժեստը:
«Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտառակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին:
Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են», - ասել է մարզիկը, մեջբերում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«Ես` որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի», - հավելել է նա:
Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։