10-09-2016 07:50

«Սիթիբանկի» բաժանմունքը գրաված Արամ Պետրոսյանին մեղսունակ են ճանաչել

Փորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին, որն օգոստոսին գրավել էր «Սիթիբանկի»` Մոսկվայում գտնվող բաժանմունքը։ Այս մասին  հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:

 «Երեկ Պետրոսյանի նկատմամբ դատափորձաքննություն է իրականացվել, բժիշկները նրան ասել են, որ նա մեղսունակ է, առողջ, բայց դատափորձաքննության արդյունքները ներկայացնող թուղթը դեռ չենք ստացել», — ասել է Մալցևը:

Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը բաց էր թողել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, աղով լի տոպրակ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին:

Քննիչը Պետրոսյանին հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել «պատանդառություն երկու և ավելի անձանց նկատմամբ` որպես զենք առարկա օգտագործելով» հոդվածի համաձայն: ՌԴ ՔՕ-ի համաձայն` այդ գործողությունները պատժվում են 6-15 տարի ազատազրկմամբ։