29-09-2016 13:58

Զախարովան պատասխանել է Ռուսաստանում հնարավոր ահաբեկչությունների մասին Պետդեպի կանխատեսումներին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի ելույթը, որը հայտարարել է ռուսական քաղաքներում Սիրիայից գրոհայինների հնարավոր հարձակումների մասին: Նրա խոսքերը բարձրաստիճան դիվանագետը համեմատել է «Ֆաս» հրամանի հետ:

Զախարովան, մասնավորապես, գրել է. «Մի քանի հստակեցնող հարց ամերիկացի գործընկերներին՝ մինչ կհաջորդի պաշտոնական արձագանքը: Դրանով (ահաբեկչություններով, ծայրահեղականությամբ) կզբաղվեն «չափավորնե՞րը»: Նրանք, ում կես տարի Վաշինգտոնը չի կարողանում առանձնացնել «Նուսրայի՞ց» (նկատի ունի Սիրիայում գործող «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը-Խմբ.):

Սեպտեմբերի 28-ին Քիրբին քննադատել է Մոսկվային Դամասկոսին աջակցելու համար և կանխատեսել է Ռուսաստանում Սիրիայից գրոհայինների հարձակումներ: Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով՝ «որպես Սիրիայում քաղաքացիական պատերազմի շարունակության հետևանք՝ ծայրահեղական խմբերը կշարունակեն օգտվել իշխանության վակուումից՝ իրենց գործողություններն ընդլայնելու համար»:

Ահաբեկիչների ակցիաները, ամերիկացի դիվանագետի խոսքով, «անկասկած» կներառեն «հարվածներ ռուսական շահերին»: «Եվ Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել իր զինվորականների դիերը, և նրանք կշարունակեն ռեսուրսներ կորցնել, հնարավոր է՝ անգամ կրկին ինքնաթիռներ»,- հավելել է Քիրբին: