Բավ է պառակտվել
27-05-2014 14:45

Դիմորդների թիվը նվազել է, ինչպես պետական, այպես էլ ոչ պետական ԲՈՒՀ-երում

«Դիմորդների թիվն այս տարի նվազել է: ԵՊՀ դիմել է 2200 դիմորդ, անցած տարվա համեմատ մոտ 400-ով պակաս դիմորդ կա, իսկ բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդների պակաս կա»,-այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Բանախոսի խոսքով՝ դիմորդների թվով դրական կարող ենք համարել վիճակը ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարում, լեզվաբանություն մասնագիտություններում: «Բնագիտական ֆակուլտետներում դիմորդների թվով պայմանավորված վիճակը վատ է: Փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու մասնագիտություններով նույնպես քիչ են դիմորդների թիվը»,-ասաց նա ու հավելեց, որ ԵՊՀ-ում այս տարի հինգով կրճատվել է մասնագիտությունների թիվը, մեկով ավելացել: «Թափուր տեղերի դեպքում կարող են պետական ավարտական քննական գնահատականով մասնակցել մրցույթին: Ասել է թե՝ մեկ առարկայով կարող են ընդունվել բնագիտական ֆակուլտետներ: Նախկինում մրցութային երկու առարկա է գործել՝ ֆիզիկա և մաթեմատիկա: Հայ բանասիրության ֆակուլտետում հանվել է ընդունելության համար պարտադիր համարվող երրորդ առարկաից քննությունը՝ հայ ժողովրդի պատմություն կամ օտար լեզու՝ կամընտրական հիմունքներով. հաշվի կառնվի ատեստատի գնահատականը: Ռուս բանասիրականում էլ հանվել է գրավոր քննությունը հայոց լեզվից և գրականությունից»,-մանրամասնեց Վաչագան Գալստյանն ու տեղեկացրեց, որ այս տարի վարձավճարների փոփոխություն ոչ մի մասնագիտությունում չի եղել: «Այս տարի դրական բալեր ստացող բոլոր դիմորդներին մենք կընդունենք պետական համալսարան: Իհարկե, բոլոր դեպքերում մասնագետների որակը կնվազի, բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով. կգա մի օր, որ նորից այդ առարկաները կմտցնենք: Հիմա բուհը պահելու խնդիր կա»,-ասաց նա:
Քննարկամնը հրավիրված Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը ևս հաստատեց, որ դիմորդների թվաքանակի նվազում կա:
«Դժվարանում եմ բացատրել, թե ինչու. անցած տարվա այս օրերի համեմատ, եթե 57 դիմում կար, այս տարի 37 է»,-ասաց նա: