Բավ է պառակտվել
27-06-2016 10:48

Հռոմի պապը «ցեղասպանություն» բառն օգտագործելու մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Հայաստանից Վատիկան մեկնելիս ինքնաթիռում տված ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու է կիրառել «ցեղասպանություն» բառը՝ ասելով, որ մշտապես այդպես է անվանել կոտորածները և դրանում վիրավորական բան չկա և շատ տարօրինակ կլիներ խուսափել այդ բառից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» և արտացոլում է պապի «խաչակրի մտածելակերպը»։

Հարցին, թե ինչու է նա որոշել ավելացնել «ցեղասպանություն» բառը իր նախապես պատրաստած ելույթին՝ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ դա այն բառն է, որ միշտ օգտագործել է Արգենտինայում, որտեղ մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ համայնքի հետ:

«Արգենտինայում հայերի ոչնչացման մասին խոսելիս միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես այլ բառ չգիտեի: Բուենոս Այրեսի տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար ենք տեղադրել նաև»,- ասել է նա:

Միայն Հռոմ ժամանելուց հետո է Պապն իմացել այլ արտահայտությունների մասին, ինչպիսին «Մեծ եղեռն» է, և որ «ցեղասպանություն» բառը իրավական կշիռ է պարունակում: «Երբ ժամանեցի Հռոմ լսեցի մյուս բառը՝ «Մեծ եղեռն»։ Ինձ ասում են՝ ո՛չ, «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է: Հարցրեցի՝ ինչո՞ւ, ես միշտ խոսել եմ անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների մասին, ինչպես հայերի ցեղասպանության, այնպես էլ Հիտլերի և Ստալինի կողմից իրականացվածների մասին»,- ասել է Պապը:

Ֆրանցիսկոս պապն ասել է, որ որոշել է օգտագործել «ցեղասպանություն» բառը Հայաստանի նախագահական պալատում, քանի որ դա արել էր նախկինում և «շատ տարօրինակ կլիներ չասել այն Հայաստանում»:

«Այն բանից հետո, երբ լսեցի Հայաստանի Նախագահի ելույթի տոնը և քանի որ անցած տարի արդեն հրապարակային արտասանել էի «ցեղասպանություն» բառը, շատ տարօրինակ կլիներ նույնը չանելը: Սակայն ես ցանկանում էի մեկ այլ բան էլ ընդգծել. ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ, այնպես էլ մյուս երկրու ցեղասպանությունների դեպքում, միջազգային մեծ տերություններն այլ կողմ էին նայում: Սա է եղել մեղադրանքը: Երեք ցեղասպանությունների կոնտեքստում հարկավոր էր պատմական հարց տալ՝ ինչո՞ւ գերտերությունները ոչինչ չեն արել: Մեղադրանք չէ, հարց է: Չգիտեմ՝ արդյոք ճիշտ է, թե՝ ոչ, կուզենայի իմանալ, բայց ասում են, որ երբ Հիտլերը հետապնդում էր հրեաներին, նա ասել է՝ ո՞վ է այժմ հիշում հայերի մասին, նույնը կանենք հրեաների հետ: Այս բառը՝ «ցեղասպանությունը», ես երբեք չեմ ասել վիրավորական տոնով, այլ օբյեկտիվորեն»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։