Բավ է պառակտվել
16-04-2014 12:36

Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է

Սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը նյութական ծանր վիճակում է: Նախկինում ազատամարտիկի տարեց մայրը հողագործությամբ էր զբաղվում եւ պահում ընտանիքը, սակայն այժմ առողջական խնդիրների պատճառով Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին օգնող չկա: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Ըստ նրա, Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին օգնելու համար ստեղծվել է հիմնադրամ, որին ազատամարտիկները փոխանցել են 200 հազար դրամ: Սակայն քաղբանտարկյալը վեց երեխա ունի ու հիմա շատ ծանր վիճակում են ապրում եւ նրանց նյութական մեծ օգնություն է հարկավոր: Ազատամարտիկներն Ավետիսյանին եւ նրա ընտանիքին օգնելու համար պատրաստ են ակցիաներ և բողոքի երթեր կազմակերպել` ճնշելու իշխանություններին, որպեսզի ազատ արձակեն պահեստազորի գնդապետին: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: