Բավ է պառակտվել
01-04-2014 15:59

Պետական բյուջեից 29 մլն դրամ հափշտակած Վազգեն Խաչիկյանի դատը շարունակվում է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընթանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատաքննությունը: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ ունի ինքնաբացարկի միջնորդություն:

Նշենք, որ դատավոր Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն էր, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին էր և բուհն ավարտելուց հետո շարունակել են շփվել միմյանց հետ։ Ըստ Արա Զաքարյանի դատավորը այնպիսի գործողություններ է արել, որն իրեն թույլ է տալիս մտածելու, որ անաչառ քննություն չի կատարվելու: Մասնավորապես՝ մերժել է իր պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդությունը: Ըստ պաշտպանի՝ Հովհաննես Գրիգորյանը դրական է բնութագրվում, կա ԱԺ փոխնախագահի երաշխավորությունը, ունի հաշմանդամ հայր, անչափահաս երեխաներ իր խնամքին: Արա Զաքարյանի համոզմամբ՝ դատավորը կա՛մ պիտի կալանավորեր բոլոր ամբաստանյալներին, կա՛մ էլ բոլորին ազատ արձակեր: «Փաստերը ողջամիտ կասկած են հարուցում և բացարկ եմ հայտնում»,-ասաց պաշտպանը: Մեղադրողն առարկեց միջնորդությանը: Մի քանի հարցեր տալուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարկի քիչ անց: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք: Ըստ մեղադրանքի` Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: