Բավ է պառակտվել
30-05-2014 20:43

Ըստ մեղադրող կողմի Վարդան Պետրոսյանը գերազանցել է մեքենայի արագությունը

Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մեքենայի ընթացքի նվազագույն արագությունը վթարի ժամանակ՝ ընդհարման պահին կազմել է 70 կմ/ժ: Այս մասին, այսօր, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ չի բացառվում, որ Հակոբյանների մեքենան վթարի պահին հետընթաց է շարժվել:

««Վազ 21214» մակնիշի մեքենայի փոխանցման տուփը ազատ վիճակում չի եղել վթարի պահին, հետեւաբար չի բացառվում, որ այդ մեքենան գտնվել է հետընթաց շարժման մեջ: Բայց եթե նույնիսկ այն եղել է հետընթացի մեջ, այնուամենայնիվ, չի խոչընդոտել երթեւեկությանը եւ վտանգ չի հանդիսացել «ԲՄՎ-320»-ի համար»,- կարդաց դատավորը:

Իսկ ըստ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի, Վարդան Պետրոսյանի մեքենան ընթացել է նվազագույնը 120 կմ/ժ արագությամբ:

Տուժող կողմի փաստաբանի խոսքով, Վարդան Պետրոսյանի մեքենայի ընթացքի անգամ նվազագույն՝ 70կմ/ժ արագությունը ճանապարհի այդ հատվածում անթույլատրելի է եղել.

«Վթարի ժամանակ էդ հատվածում ճանապարհային նշաններ չեն եղել, եթե այդպիսի նշաններ չկան, ուրեմն վարորդը պետք է հասկանա, որ երթեւեւկությունը շարունակվում է դեռեւս բնակավայրի համար սահմանված արագությամբ: Նա ճանապարհ է դուրս եկել Եղվարդ քաղաքի միջով, որտեղ սահմանված արագությունը 60կմ/ժ է, հետեւաբար այդ ճանապարահատվածում էլ է սահմանված եղել 60 կմ/ժ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին: