Բավ է պառակտվել
18-07-2014 16:54

Դերասան Վարդան Պետրոսյանի դատն անցավ բուռն վիճաբանությամբ

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստից հետո այսօր՝ դատարանի բակում վիճաբանություն տեղի ունեցավ տուժող Հակոբյանների ընտանիքի անդամների եւ դերասանին սատարելու եկած քաղաքացիների ու նրա հարազատների միջեւ։

Մահացած Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների մայրերը հարձակվել էին Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի վրա, նրան մեղադրում էին դատական նիստերի դահլիճում ամեն անգամ ներկայացում կազմակերպելու մեջ:

«Մինչեւ դու քո երեխուն դագաղ չդնես մեզ չես հասկանա»,-բղավում էին կանայք՝ նշելով որ իրենց համար դժվար է ամեն օր դատարանում լսել կատարվածի մանրամասները:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարայանը փորձեց կրքերն ավելի չբորբոքելու համար մենքենա նստել ու հեռանալ, սակայն Արթուր Հակոբյանը, որն ակնհայտորեն վիճելու տրամադրություն ուներ, թքեց նրա մեքենայի հետեւից՝ սպառնալով. «Դատական նիստերը թող ավարտվեն, մենք մի տեղ ռաստվելու ենք, դու կտեսնես»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։