Բավ է պառակտվել
28-03-2014 16:59

Դերասան Վարդան Պետրոսյանը դատի ժամանակ ցանկացավ ծնկաչոք ներողություն խնդրել

Հերթական դատական նիստին դերասան Վարդան Պետրոսյանը, դատարանի կողմից խոսքի իրավունք ստանալով,ասաց որ ցանկանում է կարծիք արտահայտել, այլ ոչ թե ճառ ասել.՛՛ Ես խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի մայրեր: Անտակ է ձեր վիշտը:»,- ասաց նա: Վարդան Պետրոսյանի խոսքը տեղից ընդհատեց տուժողներից մեկի մայրը. «Երանի իմ տղեն էլ կալանավորված լիներ...»: Դատարանը նրան հորդորեց տեղից չխոսել, քանի դեռ իրեն կարծիք արտահայտելու իրավունք չեն տվել: Ամբաստանյալն այնուամենայնիվ խնդրեց թույլ տալ դիմել մայրերին: ՛՛Դուք կարող եք ամեն ինչ ասել ինձ. լավ կլիներ՝ ես ծնված չլինեի, մեռած լինեի, էդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ ես չլինեի, տղաներն ապրեին: Էսպես, թե էնպես նիստն ընթանալու է, անկախ մեր կամքից ես դատվելու եմ»,- ասաց նա, ապա անդրադառնալով նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն՝ հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից՝ ծանր վիճակում, կողքին նստած էր շտապօգնության բժիշկը: «Ինչպես դուք էիք ուշաթափվել, այնպես էլ ես: Քննիչը ներկայացրեց նախնական կալանքի վերցնելու միջնորդությունը, դատավորը դիմեց քննիչին, անգամ հայրաբար՝ Հայկ, դուք իսկապես կարծու՞մ եք (չէ՞ որ այն կիրառվում է ծայրաստիճան վտանգավոր հանցագործների նկատմամբ)` Վարդան Պետրոսյանն այս վիճակում՝ վիրահատությունից նոր դուրս եկած, կարող է վնասել, սպանել, բաներ փոխել, փախչել, երբ բոլորս գիտենք՝ վթարից օրեր անց բոլոր սահմանները փակված էին: Ինձ համար վիրավորական էր ինձ անընդհատ որպես փախստական ներկայացնելը՛՛,-հավելեց դերասանը ու շարունակեց. ՛՛Վճռից երեք ժամ առաջ հեռուստատեսությունը հայտարարում է՝ Վարդան Պետրոսյանը կալանավորված է, գնում է Նուբարաշեն, վճռից երեք ժամ առաջ հայտարարում են որոշման մասին: Քննիչը նշում է, որ՝ այո՛, Վարդան Պետրոսյանը մի ավտովթար ունեցել է, կարող է դուրս գալու երկրորդն ունենալ, դատավորն ասում է՝ դուք իրավաբան եք, ինչ է նշանակում՝ կարող է: Դատավորը նորից բավարարում է այդ միջնորդությունը, այսինքն՝ մեղադրող կողմը հիմք չունի ինձ կալանավորելու, ասում է՝ չունեմ, դատավորը՝ քանի որ քննիչը հիմք չունի, բավարարում է նրա պահանջը, սրանից աբսուրդ բան ես չեմ տեսել։ Ասել եմ՝ զգույշ եղեք, էս որոշումները զայրացնում են հանրությանը, խմբավորումներ են առաջանում, մարդիկ սկսում են պաշտպանել ինձ, դա զայրացնում է տուժող կողմին, նրանք սկսում են քարկոծել ինձ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այս կերպ քաղաքականանում է գործը, տպավորություն է ստեղծվում, որ կա քաղաքական հրաման՝ իրեն փորձում են լռեցնել, մինչդեռ իր կարծիքն ուրիշ է: ՛՛Սա իմ ողբերգությունն է. ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայր, ինչ է հայր՛՛,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս իր կալանքով խափանվում է իր մոտեցումն ընտանիքին, որ ինքը, չնայած շիկացած վիճակին, գա, ներում հայցի: «Թույլ տվեք՝ հենց հիմա գամ, ծնկի գամ ձեր առաջ…. Չեմ կարող, թույլ չեն տալիս, տեսնում եք՝ բարոյական քայլ եմ անում՝ օրենքն է դիմացս կանգնում, օրենքին եմ ապավինում, բարոյականությունն են դեմ տալիս: Ի՞նչ անեմ»,- ասաց նա: