Բավ է պառակտվել
22-09-2015 12:44

Երևանում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին

Նաօրեին դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իշխանափոխության կոչով կազմակերպված բողոքի ակցիային։ Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, այս պահին էլ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, օրը ցերեկով: Հակոբյանին են մոտեցել քաղաքացիական հագուստով 5-6 անձինք, ինչ-որ վկայական ցույց տվել, այնուհետև ծեծելով հասցրել Աբովյան փողոցում դարպասներով պահպանվող մասնավոր մի տարածք։ Թե ինչ մեքենայով են մոտեցել ու ինչ հագուստով են եղել ազատամարտիկին մոտեցած անձինք, ակտիվիստները ֆիքսել չեն հասցրել։ Բայց պնդում են՝ այդ պահին բղավոցներով օգնության են կանչել ոստիկաններին, սակայն իրավապահները տարածք են հասել միայն այն բանից հետո, երբ քաղաքացիները աղբամաններով փակել են Աբովյան փողոցը։ «Դեպքից մի 30-40 րոպե անցել է, ոստիկաններն էլի չեն եղել։ Մենք իջանք հրապարակ, հետո նորից ետ եկանք, աղբամաններով փակեցինք փողոցը, վայրկենական հայտնվեցին»։