16-11-2016 14:33

Թբիլիսիի օդանավակայանում «օրենքով գողին» ձերբակալել են օդանավից իջնելիս

Ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են «օրենքով գող» 42-ամյա Գ. Ց.-ին, որ ժամանել էր Մոսկվա-Թբիլիսի չվերթով: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Քննության տվյալներով՝ մեղադրյալը մի քանի տարի շարունակ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Քրեական գործ է հարուցվել «Անձի «օրենքով գողի» կարգավիճակում գտնվելու» հոդվածի մեղադրանքով, որը պատժվում է 7-ից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ տուգանքով կամ առանց դրա:

Կազմակերպված հանցավորության եւ «օրենքով գողի» ինստիտուտի դեմ պայքարը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության առաջնահերթություններից մեկն էր: 2005 թվականին Վրաստանի Քրեական օրենսգրքում նոր հոդված է հայտնվել՝ «Գողական համայնքին անդամակցությունը: Օրենքով գող»: Սկզբում գողական համայնքին անդամակցելը պատժվում էր 3-ից մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ տուգանքով կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերին» սպառնում էր 5-ից մինչեւ 10 տարվա բանտարկություն՝ տուգանքով կամ առանց դրա:

2006 թվականին օրենսդրությունը խստացվել է: Այժմ գողական համայնքին անդամակցությունը պատժվում է 5-ից մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ տուգանքով կամ առանց դրա: Իսկ «օրենքով գողերը» կարող են ազատությունից զրկվել 7-ից մինչեւ 10 տարի ժամկետով՝ տուգանքով կամ առանց դրա: