Բավ է պառակտվել
13-07-2016 12:48

Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող «Շաքրո Մոլոդոյին» (տեսանյութ)

Մոսկվայում ձերբակալվել է ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը` Զախարի Կալաշովը՝ «Շաքրո Մոլոդոյ» մականունով, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Օպերացիան անցկացվել է հուլիսի 11-ին ՀԴԲ-ի աշխատակիցների կողմից: Գործակալության տվյալներով, Կալաշովը ձերբակալվել է Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից խոշոր գումար շորթելու քրեական գործի շրջանակում:

Նշվում է, որ օրենքով գող Կալաշովը ռուսաստանյան հանցավոր աշխարհի առաջնորդն է: Նա այդ տեղը զբաղեցրել է այն բանից հետո, երբ դիպուկահարը գնդակահարել էր Ասլան Ուսոյանին, որը հայտնի էր որպես Դեդ Հասան:

Մոսկվայում Ռոչդելյան փողոցում Elements ռեստորանի շուրջ միջադեպը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 14-ին: 10 տղամարդուց բաղկացած խումբը փոխհրաձգություն է կազմակերպել: Արդյունքում հիվանդանոց է հասցվել հինգ վիրավոր, որոնցից երկուսը մահացել են: Քննության ենթադրությամբ, տեղի ունեցողի պատճառ կարող էին դառնալ ֆինանսական տարաձայնությունները, որոնք ի հայտ են եկել պարտքի հետ կապված պարտավորությունների պատճառով:

Թեժ հետքերով այն ժամանակ ձերբակալվել էր հանցավոր հեղինակություն Անդրեյ Կոչույկովը «Իտալացի» մականունով, որը, օպերատիվ տվյալների համաձայն, սերտորեն կապված էր «Շաքրո Մոլոդոյի» հետ: