Բավ է պառակտվել
20-06-2016 09:04

Մոսկվայում հունիսի 20-ը սգո օր է հայտարարված Կարելիայում զոհված երեխաների հիշատակին

Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը Սյամոզերոյում երեխաների զոհվելու կապակցությամբ հունիսի 20-ը սգո օր է հայտարարել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նաև երկուշաբթի օրը, ի նշան սգո, Կարելիայում կխոնարհվեն պետական դրոշները:

«Զբոսայգի-հյուրանոց Սյամոզերո» մանկական առողջարարական ճամբարի մասնակիցները հունիսի 18-ին նավակներով փոթորկի են ենթարկվել ջրամբարում: Կարելիայի Սյամոզերո լճում տուրիստական խմբի կազմում եղել է 51 մարդ, այդ թվում՝ 4 մեծահասակ: Կարելիայի լճում հայտնաբերվել են 15 երեխաների մարմիններ:

Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հետաքննչական կոմիտեին՝ պարզել Կարելիայում տեղի ունեցած ողբերգության պատճառները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խորը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը խոստացել է տարածաշրջանային բյուջեից մեկական միլիոն ռուբլի վճարել զոհվածների ընտանիքներին: Երեխաները հանգստանալու էին եկել Մոսկվայից: Նրանց մեջ կային որբեր:

Սյամոզերո լճում արտակարգ պատահարի հետեւանքով տուժած 12 երեխաներ գտնվում են հիվանդանոցներում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսարեւմտյան տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանինը: Ընդամենը փրկվել է 37 մարդ, այդ թվում՝ 33 երեխա: Նրանց բոլորին տեղափոխել են Պետրոզավոդսկ: «33 երեխաներից 12-ին տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Պանինը: Մնացած 21 երեխաները տեղավորվել են կադետական կորպուսում:

«Տուժածներից երկուսը բազմաթիվ վնասվածքներով գտնվում են մանկական հանրապետական հիվանդանոցում: Նրանց վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար»,- ճշտել է Կարելիայի առողջապահության սոցիալական զարգացման նախարար Երվանդ Խիդիշյանը: