Բավ է պառակտվել
20-06-2016 11:52

Աշխարհում 2015-ին գրանցվել է հարկադիր տեղահանված անձանց ռեկորդային քանակ

Աշխարհում 2015-ին գրանցվել է հարկադիր տեղահանված մարդկանց ռեկորդային քանակ։ Այս մասին ասված է ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալության զեկույցում:

Գործակալության հաշվարկով՝ 2015-ին հակամարտությունների եւ պատերազմների պատճառով 65.3 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Դա գրեթե 6 մլն–ով ավելի է, քան 2014-ին։ Նրանցից 21.3 միլիոնը փախստական են։ Դա ամենամեծ քանակն է, որը 1990-ական թթ. սկզբից գրանցել է ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալությունը։ Եվս 40.8 մլն մարդ ներքին տեղահանության է ենթարկվել։ Այս թիվը նույնպես ռեկորդային է։

Երկիր մոլորակի ընդհանուր բնակչության հետ համեմատած՝ աշխարհում յուրաքանչյուր 114-րդ մարդ այս պահին ապաստան խնդրողի կարգավիճակ ունի եւ փախստական է կամ հարկադիր տեղահանված անձ։ Այս թիվն ավելի մեծ է, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի բնակչության թիվը։

Տեղահանվածների ամենամեծ քանակը գալիս է Սիրիայից՝ 4.9 մլն մարդ, հետո Աֆղանստանից՝ 2.7 մլն եւ Սոմալիից՝ 1.2 մլն մարդ։

Կոլումբիայում (6,9 մլն), Սիրիայում (6,6 մլն) եւ Իրաքում (4,9 մլն) գտնվում են ամենից շատ ներքին տեղահանության ենթարկված անձինք։

Եվրոպա աշխարհամասն ինքն է «ծնել» 593 հազար փախստականի, որոնց մեծ մասը եկել են Ուկրաինայից։ Այդ երկրի ներսում տեղահանության է ենթարկվել 1.6 մլն մարդ։ Եվրոպայի պետություններն ընդունել են 4.4 մլն մարդու, որոնց կեսից ավելին ժամանել է Թուրքիայից։ Անցյալ տարի փախստականի կարգավիճակ խնդրած մարդկանց ամենամեծ թիվը գրանցվել է Գերմանիայում, որտեղ ներգաղթի պատճառով բնակչության թիվն աճել է 46 տոկոսով։

Նշենք, որ ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալության «Գլոբալ միտումներ» զեկույցը հրապարակվում է ամեն տարի եւ հիմնված է պետությունների եւ ՄԱԿ գործընկեր կազմակերպությունների տվյալների վրա։