Բավ է պառակտվել
24-07-2017 16:16

Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ եզակի փաստաթուղթ է հրապարակվել

 

Թուրքիայում եզակի փաստաթուղթ է հրապարակվել՝ իրաքյան Մոսուլ քաղաքում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Թուրք լրագրող Սերդար Կորուջուն ՝ թուրքական արխիվներից գտած ցեղասպանության ապացույցը հրապարակել է «bianet.org» կայքում: Նրա խոսքով Հայոց ցեղասպանության օրերին Մոսուլը վերջին հանգրվանն էր տեղահանված և մահվան քայլերթին մասնակցող զոհերի ճանապարհին:
Փաստաթուղթը դա ֆրանսերենով գրված մի նամակ է՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանից, թվագրված 1919 թ. հուլիսի 15–ով: Նամակի վրա առկա են Հայոց պատրիարքարանի պատասխանատու, արքեպիսկոպոս Զավեն Տեր– Եգանյանի կնիքը և ստորագրությունը։
Նամակում արքեպիսկոպոսը պատմում է 1916 թ. մարտի 9 (22)–ին դեպի Մոսուլ տարհանման ընթացքում Էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի մահվան մասին, ով զոհվել էր երիտթուրքերի ձեռքով:
Նա նաև նշում է զարմանյանի կնոջ և նրանց երկու երեխաների անունները, ովքեր կարող են ողջ լինել. Կինը՝ Կատարինե Զարմանյանը (ծնված Բոզոյան), 11- ամյա դուստրը` Նվարդը, և դուստր Մարիան՝ երկուս ու կես տարեկան։
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: