Բավ է պառակտվել
21-04-2014 15:59

Միջազգային գործընկերների համար Թուրքիան պայմանավորվածություններ խախտող երկիր է. Է. Շարմազանով

Այսօր, լրագրողների ետ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի վնաս չեն տվել ոչ Ցեղասպանության դատապարտման գործընթացին, ոչ Հայաստանի արտաքին քաղաքական իմիջին:

՛՛Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հետեւանքով Հայաստանը ձեռք է բերել ավելի հուսալի եւ ավելի կանխատեսելի պետության կարգավիճակ: Արձանագրությունները վնաս են հասցրել Թուրքիային: Մեր միջազգային գործընկերների համար Թուրքիան պայմանավորվածությունները խախտող երկիր է դարձել: Մինչ այդ Թուրքիան հավատացնում էր աշխարհին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Մենք ցույց տվեցինք, որ չնայած նախապայմանների լեզվով խոսելու բարոյական իրավունքին, այդ ճանապարհով չենք գնում, քանի որ դա քաղաքակրթության եւ ժողովրդավարության ճանապարհը չէ: Մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք Թուրքիայի իրական դեմքը՛՛, - նշել է Շարմազանովը:
Շարմազանովը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող հայերին միասնության կոչ է արել: ՛՛Մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ոչ քաղաքակիրթ երկրները հասկանան. Ցեղասպանությունները հերքելը նույնքան դատապարտելի է, որքան դրանք իրագործելը՛՛, - նշել է ՀՀ ԱԺ-ի փոխնախագահը: