Բավ է պառակտվել
25-04-2014 17:31

Թուրք պատմաբանն անդրադարձել է Էրդողանի՝ Հայոց Ցեղասպանության մասին մեկնաբանությանը

Թուրքիայի վարչապետի հայտարարությունը 1915թ.-ի վերաբերյալ դեռ շատ խոսակցությունների առիթ կդառնա, քանի որ վարչապետն առաջին անգամ է նման հայտարարություն անում։ Այս մասին գրում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։

Ցեղասպանությունն ընդունած թուրք պատմաբանի հոդվածը, որը հրապարակվել է T24 կայքում, ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Մեկնաբանություն գրելը ձանձրալի է։ Պարզ է, թե ինչեր պետք է ասվեն։ Կես բաժակ ջրի պատմությունն է։ Բաժակի ջուրը տեսնողները դա շատ դրական, մեծ քայլ են որակելու, այն «պատմական» են կոչելու։

Բաժակի դատարկ կողմը տեսնող և չհավանողներ էլ են լինելու. «Թայիփի նոր խաղը», «ոչ մի բան չասելով տպավորություն թողնել է փորձում» ասողներ են լինելու։ Ասելու են. «ինչո՞ւ այժմ», կամ «արդյոք իրական նպատակը ո՞րն է»։
Մեջտեղում մնացածներ էլ կլինեն՝ «բավական չէ, բայց այո...» ասողներ։
Հայտարարության մեջ մի քանի ուժեղ մտքեր կան. նախ՝ «տարբեր մոտեցումները հանդուրժողաբար պետք է ընդունվեն» և «միմյանց լսելով հասկանալ է պետք...» ձևակերպումները։ Այդ հայտարարությունը 1915թ.-ի հարցով արդեն իսկ առկա ազատ քննարկման մթնոլորտը պաշտոնապես ընդունելի է դարձնում։ Սակայն 21-րդ դարում դա արդեն պետք է լիներ, և դրա համար ուրախանալը փոքր- ինչ տարօրինակ է։
Երկրորդ կարևոր միտքը «ցավերը հասկանալ և կիսել»-ն է։ Ժպտում եմ թեթևակի։ 1993թ.-ին, երբ առաջին անգամ Թուրքիա էի եկել, ինձ վրա սևեռված ատելությամբ լի աչքերն եմ հիշում, երբ վախենալով էի կրկնում այդ խոսքերը։ 21 տարի անց վարչապետից նման խոսքեր լսելը տարօրինակ զգացում է։ Հավանենք դա, թե ոչ, այն 21 տարում անցած մեր ճանապարհն է ցույց տալիս։
Երրորդ կարևոր միտքը. «20-րդ դարասկզբի պայմանների պատճառով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն եմ մաղթում, իսկ նրանց թոռներին ցավակցություններս եմ հայտնում» արտահայտությունն է... 1915թ-ը չի նշել, կոտորած բառը չի օգտագործել, սակայն հայտարարության ամենակարևոր մասը, գուցեև, սա է։ Ավելի վաղ երբևէ չասված կարևոր մարդկային կողմ ունի։ Այդ տեսանկյունից դա նորություն է, որն անտեսել չենք կարող։ Ավելին ասել չեմ կարող, քանի որ դա ավելի լավ կհասկանան նրանք, ում պապերն են սպանվել այդ ժամանակ։
Հայտարարության մեջ բացահայտ մի սուտ կա։ «Մեր արխիվները բացել ենք բոլոր հետազոտողների համար»՝ ասել է վարչապետը՝ ակնհայտորեն ստելով։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենակարևոր արխիվներից մեկը ԶՈՒ Գլխավոր շտաբի արխիվն է։ Այն ոչ նորմալ ուսումնասիրվել է, ոչ էլ բաց է ուսումնասիրության համար։ Նման հայտարարության մեջ այդպիսի սուտ զետեղելը գեղեցիկ չէ։

2002թ.-ից ի վեր Թուրքիայի Հանրապետության քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ արած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում էլ փոխեց պաշտոնական լեզուն։
Վարչապետի հայտարարությունից հետո 1915թ.-ի դեպքերի մասին բացահայտորեն խոսելու հրավիրողների վրա այլևս «դավաճան», «կեղտոտ հայ» ասելով չեն հարձակվելու, «այսպես կոչված Ցեղասպանություն» չեն ասելու։
Իրականում Հրանտ Դինքի  սպանությունից հետո այդ մթնոլորտն արդեն փոքր-ինչ կոտրվել էր, սակայն այժմ դա ավելի պաշտոնական դարձավ։

Հայտարարությունից կարող ենք հասկանալ, որ կառավարությունն արդեն «պաշտոնական տեսակետից» դուրս մտածողների գաղափարներն էլ է որպես «միտք» ընդունելու, սակայն դա 1915թ.-ի վերաբերյալ կառավարության տեսակետը չի փոխում։ Նախկին մտածելակերպը նույնությամբ շարունակվում է։
Եթե Էրդողանի օգտագործած լեզուն որպես «մեծ փոփոխություն» եք մեկնաբանելու, ոչինչ ասել չեմ կարող, սակայն 1915թ.-ի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ նորություն չեմ տեսել։
Ավելի կարևոր է սրանից հետո արվելիք քայլերին ուշադրություն դարձնելը։
Ինձ համար բուն հարցը ոչ թե այն է, թե ինչ է ասել վարչապետը, այլ այն, թե ի՞նչն ու ո՞վ են նրան ստիպել դա ասել։
2015թ.-ին ընդառաջ կառավարությունը միջազգային հարթակներում «պատին է դեմ առել» և փորձում է ելք գտնել։ Դեռ երեկ Թուրքիայի՝ ԱՄՆ-ում ամենամեծ պաշտպանը համարված Ամերիկայի հրեաների միությունը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց և Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչելու կոչ արեց։
Մի պահ մտածեք. միջազգային աջակցությունը կորցրած վարչապետը եթե այս պայմաններում դարձյալ կրկներ «մուսուլմանները ցեղասպանություն չեն գործում», «մեր պապերին ցեղասպան չեք կարող անվանել» ու նման խոսքեր, ի՞նչ տեղի կունենար։
Վարչապետն ստիպված էր. նա պարզապես ցանկանում է հասնել հեռացող գնացքին։
Իմ կարծիքով՝ «հրաշք գործելը» ոչ թե վարչապետի, այլ մեր ձեռքերում է՝ Հրանտի մահից հետո փողոցներ դուրս եկած հազարավոր մարդկանց ձեռքերում։ Դրան կնպաստեն նաև արտերկրից Թուրքիայի վրա իրականացվող ճնշումները։ Թուրքիայի մարդկանց դիմադրությունը հայկական սփյուռքի ջանքերի հետ է սկսել միավորվել։ Այդ միասնականությունը չփոխեց վարչապետի միտքը, բայց ստիպեց փոխել լեզուն։
Վարչապետին այս խոսքերն ասել տվողները, սակայն, մի բան չեն հասկանում։ Մենք առաջվանը չենք։ Մենք, այսինքն՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հարցով դարավոր ստի դեմ պայքարող մարդիկ, շատ ենք փոխվել։
Եթե վարչապետն այս խոսքերն ասեր սրանից 10 տարի առաջ, այն որպես «հեղափոխություն» կհամարեինք։ Սակայն այժմ շատ ջրեր են հոսել...»։