Բավ է պառակտվել
23-01-2015 16:45

Լեհաստանի հայերի բողոք-պահանջը՝ Վարշավայում ՌԴ դեսպանին

Այսօր Լեհաստանի հայերն իր բոլոր իրավական հիմնավորումներով ընդարձակ, գրավոր բողոք-պահանջ են ուղարկել Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևին, որտեղ, մասնավորաբար, նշված է.

«Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Այս տարվա հունվարի 12-ին, Հայաստանի Գյումրի քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ձեռքով դաժանաբար սպանվեցին Ավետիսյան ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ երկու տարեկան երեխան: Սպանդից շատ ծանր վիրավորված, վեցամսյա Սերյոժան տեղափոխվեց հիվանդանոց: Հայության մեծամասնությունը սգի մեջ էր: Այդ ծանր վշտի մեջ համայն հայությունն աղոթում էր, որ Աստված շուտափույթ բժշկություն պարգևեր փոքրիկ Սերյոժային, քանի որ հավատում էինք, որ Աստված այդ երեխային սպանդից փրկել է՝ իր ընտանիքի շարունակությունը և հիշատակը պահելու համար: Սակայն, ցավոք սրտի, հունվարի 19-ին հրեշտականման փոքրիկ Սերյոժա Ավետիսյանն իր արդար հոգին ավանդեց Աստծո Ձեռքը և գնաց միանալու իր հարազատների հոգիներին: Երկրի երեսից մեկը պակասեց, իսկ փոխարենը երկնքում հրեշտակների թիվը մեկով ավելացավ: Մենք՝ լեհաստանաբնակ հայերս, մեր ցասումն ու բողոքն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ պահանջելով, որ ոճրագործը՝ ռուս զինվոր Վալերի Պերմյակովը, անհապաղ հանձնվի Հայաստանի Հանրապետության իրավապահներին՝ վերջիններիս կողմից քրեական գործը քննելու, եղեռնագործին Հայաստանի Հանրապետությունում դատապարտելու և այնտեղ իր պատիժը կրելու համար»: