Բավ է պառակտվել
29-05-2014 21:33

Տեղի է ունեցել նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նիստը

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:

Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև առողջապահության և պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Հասարակական կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում է բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Խաչատրյանին: Հանդես գալով բացման խոսքով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը՝ Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ բանակի կազմավորման օրվանից սկսած՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են կանգնած եղել զինված ուժերի կողքին` փորձելով կառուցողական մոտեցումներով աջակցել բանակում առկա խնդիրների լուծմանը:

Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունն իր նպաստն է բերելու ԶՈւ ռազմական բժշկության ոլորտի կատարելագործմանը և իր գործունեությամբ աջակցելու է զինված ուժերում առողջապահական գործընթացների կազմակերպմանն ու զինվորական բժիշկների խնդիրների լուծմանը:

Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդհանուր առմամբ՝ կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ զինված ուժերում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր կառուցվածքով և գործունեությամբ կաջակցի ռազմաբժշկական ոլորտին` սկսած կազմակերպչական աշխատանքներից մինչև ոլորտի համակողմանի ուսումնասիրումն ու վերլուծությունը:

Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է՝ կատարելագործել ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերը, շարունակել բուժսպասարկման աշխատանքների բարեփոխումների գործընթացը, մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցել ռազմական բժիշկներին, ուսումնասիրել և համադրել ՀՀ ռազմական բժշկության հնարավորություններն արտասահմանյան առաջավոր փորձի հետ, ըստ այդմ` առաջարկել զարգացման նոր ուղենիշներ: Այս ամենին հասնելու համար «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է օգտագործել շահագրգիռ բոլոր կառույցների ու հայրենասեր մարդկանց եռանդն ու ջանքերը: