Բավ է պառակտվել
14-02-2015 12:32

Դատարանը բավարարել է Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների խնդրագիրը

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի խնդրագիրը բավարարվել է: Փետրվարի 10-ին Երեմ Սարգսյանը նախնական քննության մարմնին ներկայացրել է մի շարք քննչական և դատավարական միջոցառումներ անցկացնելու մասին խնդրագիր: Երեմ Սարգսյանը պարզաբանել է, որ ներկայացնում է խնդրագիրը գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Մասնավորապես, փաստաբանի խոսքով, համապատասխան գործողությունների անցկացումը թույլ կտա հաստատել կամ հերքել սպանության այս կամ այն վարկածը: Օրինակ՝ արդյո՞ք Գյումրիում տեղակայաված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը թե ոչ, ինչպես նաև հաստատել սպանության դրդապատճառը: Հիմք ընդունելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 3 մասը, որի համաձայն քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների լիարժեք, համապարփակ և անաչառ ուսումնասիրման համար: Երեմ Սարգսյանը նշել է, որ ստացված տվյալների հիման վրա քննությունը պարտավոր է առաջ բերել բազում վարկածներ և անցկացնել դրանց հաստատման կամ հերքման համար համապարփակ հետաքննություն: «Մամուլում բարձրաձայնված այն վարկածը, որ հանցագործությունը, հնարավոր է, կատարել է ոչ Վալերի Պերմյակովը, տուժող կողմի մոտ մտավախություն է առաջացրել: Հաշվի առնելով այն փաստը, որ Պերմյակովի հագուստը և իր անվամբ ամրագրված ինքնաձիգը թողնվել են հանցագործության վայրում, համարում ենք, որ տվյալ վարկածը ստուգան կարիք ունի», - նշված է խնդրագրում: Ելնելով այդ եզրահանգումից՝ քննությունը պետք է պարզի, թե արդյո՞ք Պերմյակովը մտել է Ավետիսյանների տունը ջուր խմելու համար, արդյոք նա պատահմամբ է այնտեղ հայտնվել, և կատարել է սպանությունը՝ վախենալով, որ իրեն կհանձնեն (ըստ որոշ պաշտոնական անձանց տվյալների՝ այսպես է բացատրել սպանության պատճառը Պերմյակովը), արդյո՞ք հանցագործությունը նախապես պլանավորված է եղել և կատարվել է վախի մթնոլորտ ստեղծելու կամ իրավիճակը ապակայունացնելու նպատակով: Բացի այդ նշված է, որ գործում առկա որոշ տվյալներ հիմք են տալիս ենթադրելու Պերմյակովի հանցակից ունենալու հավանականությունը: Խնդրագրում նաև ասվում է հանցագործության դրդապատճառների մասին, մասնավորապես, արդյո՞ք Պերմյակովը կատարել է սպանությունը ընտանիքի հանդեպ ատելությունից դրդված, չնայած նրան, որ տուժողների իրավահաջորդը բացառում է այդ վարկածը: Փաստաբանը համարում է, որ քննության բազմակողմանիությունը ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել նաև այդ վարկածը: Խնդրագրում բարձրաձայնվում են նաև մի շարք այլ հարցեր, որոնց պատասխանները փաստաբանը ակնկալում է ստանալ: Մասնավորպաես, արդյո՞ք Պերմյակովը եղել է Հայաստանում մինչև զինծառայության անցնելը, ե՞րբ են եղել նրա նախավերջին և վերջին հերթապահությունները, արդյո՞ք նախկինում նա լքել է զորամասը, Հայաստանում եղած ժամանակ վերցրել է կարճատև արձակուրդ և որ ուղղությամբ և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա և ի՞նչ ժամանակահատվածով: Արդյո՞ք զորամասում նրան այցելել են հարազատները և ե՞րբ: Փաստաբանը նաև խնդրում է քննությանը ուղղել հարցումները ՌԴ պարզելու նպատակով, թե արդյո՞ք Գյումրիում ծառայելու մեկնելու նախաձեռնությունը Պերմյակովին էր պատկանում, արդյո՞ք նա արտերկրում եղել է, եթե այո, ին՞չ նպատակով և որքա՞ն երկար: Խնդրագրում նաև ասվում է ինքնաձգին խլացուցիչ ամրացնելը ապացուցող հնարավոր հետքերը բացահայտելու անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում դաժանաբար սպանվել են Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամները, այդ թվում նաև մեկ ու կես տարեկան և վեց ամսական փոքրիկներ: Ծանր վիրավորումներ ստացած վեց ամսական երեխան դեպքից մեկ շաբաթ անց մահացավ Երևանի բուժկենտրոնում: Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի13-ին հայտնաբերվել է ռուսաստանյան սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու փորձի պահին: Հարցաքննման ժամանակ Պերմյակովը խոստովանել է հանցանքը: