Բավ է պառակտվել
06-04-2016 08:38

Ստեփանակերտը հրադադարի վերականգնման կողմնակից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը կարևորել է մարտական գործողությունների դադարեցումը և հրադադարի ռեժիմի վերականգնումը՝ միաժամանակ նշելով, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն արդյունավետորեն է իրականացրել մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման իր առաքելությունը ու այսուհետ ևս պատրաստ է կասեցնել հակառակորդի ցանկացած ագրեսիվ ոտնձգություն, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում երկու կողմերից կրակոցները դադարել են։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։