Բավ է պառակտվել
02-04-2015 13:28

Հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում: ԱԺ լրատվականից տեղեկացնում են, որ այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, պատվիրակությունը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետև Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը:

«Հանդիպման մասնակցիները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար: Այնուհետև ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական և տնտեսական հարցեր: Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին»,- տեղեկացնում են ԱԺ-ից: