Բավ է պառակտվել
14-05-2014 14:49

ՀՀ-ում սոցիալական ծառայությունները նոր մոդելով կմատուցվեն

Հայաստանում մշակվում է սոցիալական ծառայությունների մատուցման նոր մոդել, որը հնարավորություն կտա սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, դիմելով կենտրոն ստանալ լուծումներ կամ առաջարկություններ, ի տարբերություն այսօր գործող համակարգի, երբ ամեն մի սոցիալական խնդրի դեպքում քաղաքացին ստիպված է լինում դիմել տարբեր կառույցներ:

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ միասին կազմակերպել էր հանդիպում իր հիմնական գործընկերների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բարելավված սպասարկման և դրանց նոր մոդելի վերաբերյալ առաջարկությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, թե ամենակարևոր խնդիրը, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ պետք է լուծվի՝ ապահովել քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատում և պետության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների համալիր փաթեթով տրամադրում: Այս ծրագրի ներդրմամբ կմեկտեղվեն պետական և ոչ պետական սեկտորի կողմից մատուցվող ծառայությունները և քաղաքացու կարիքներին կտրվի ամբողջական բավարարում:
Ծրագրի ներդրմամբ ակնկալվում է նաև ծախս-արդյունավետության բարձրացում, մեկ կենտրոնից քաղաքացիների լիարժեք սպասարկում, ինչը էապես կարևոր է տարաբնույթ սոցիալական ծառայությունների շրջանակներում:

Ասատրյանի ներկայացմամբ, ինտեգրման հաջորդ փուլը լինելու է տեղեկատվականը. «Որպեսզի մենք կարողանանք տարբեր կառույցների մեջ փոխգործակցություն ապահովենք և պետության կողմից մատուցվող ծառայություններն ավելի արդյունավետ ու որակյալ դարձնենք, բնական է, որ բացի ֆիզիկական ինտեգրումից պետք է լինի տեղեկատվական ինտեգրում: Այդ առումով դիմումների միասնական հաշվառման համակարգ է ձևավորել, որը ներդրվել է արդեն իսկ գործող փորձնական 19 տարածքային կենտրոններում»:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանում ձևավորվելու են Համալիր սոցիալական ծառայությունների 54-56 տարածքային կենտրոններ, իսկ այժմ գնահատում են փորձնական ծրագրի արդյունքները, վեր են հանում խնդիրները, որպեսզի վերջնական մոդելի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնեն կառավարությանը:

«Ունենք տարբեր ուսումնասիրություններ, նաև անկախ փորձագիտական: Դրանք փաստում են, որ քաղաքացիները բավականին դրական կարծիք ունեն մատուցվող սոցիալական ծառայությունների վերաբերյալ: Սակայն ամբողջական բավարարման հետ կապված դեռ խնդիրներ ունենք: Այս պահին դեռևս թույլ է սոցիալական աշխատողի ինստիտուտը, բայց այս ուղղությամբ էլ կատարվում են աշխատանքներ՝ իրավիճակն էապես փոխելու համար»,-նշեց նախարարը:

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի խոսքով, սոցիալական ծառայությունների մատուցման նոր մոդելի ներդրման հիմնական նպատակն այն է, որ էապես բարելավվեն մատուցվող սոցիալական ծառայությունները, ծառայություններ մատուցվի մեկ պատուհանի սկզբունքով, այսինքն՝ քաղաքացիների համար կյանքը էապես կհեշտացվի:

Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ 19 կետրոնները, որոնք փորձնական ներդրվել են, արդեն մատուցում են ծառայություններ, բայց դեռևս շատ անելիքներ կան:

«Կարևոր է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք բարելավելու վիճակը, և, հույս ունեմ, որ մշակված առաջարկություններին համակարգային լուծում տալով՝ կարող ենք հասնել մեր նպատակին»,-ասաց Արտակ Ղազարյանը:

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է փորձնական բոլոր ծրագրերի անկախ համապարփակ գնահատում և առաջարկություններ մշակել սոցիալական ծառայությունների մատուցման նոր այնպիսի մոդելի նախագծման վերաբերյալ, որը հաջողությամբ կարող է կիրառվել Հայաստանի ողջ տարածքում: Գնահատումն իրականացրել է սոցիալական ապահովության իռլանդացի փորձագետ Ջերրի Ֆիցպատրիկը: Նա իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է մեկ զեկույցում «Համալիր սոցիալականա ծառայությունների տարածքային կենտրոնների գնահատում. բացահայտումներ և ծառայությունները բարելավելու առաջարկություններ» վերնագրով: Ամփոփ հաշվետվությունն այսօր ներկայացվեց հանդիպման մասնակիցներին: