25-06-2018 13:12

Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ օրերս հրաժարական տված քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանին:

Ինչպես փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից, Գրիգորյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կարեն Գրիգորյանը և հայրը՝ կալանավորված Մանվել Գրիգորյանը յուրացման եղանակով հափշտակել են բանակին նվիրաբերված «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, դրանք տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

«ՈՒԱԶ» մեքենաները, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանում գնել և Հայաստան են տեղափոխել «Ռուսաստանի հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամները: Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ բարերաները մեկնել են Լեռնային Ղարաբաղ ու նվերը հանձնել Կարեն և Մանվել Գրիգորյաններին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով: Գրիգորյանները, սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրության, մեքենաները Ղարաբաղից տարել են Էջմիածին:

Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Այվազյանը հրաժարավեց հանդես գալ մեկնաբանությամբ, միայն հաստատեց նախկինում արած իր հայտարարությունունը, թե անձամբ է տեսել, որ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում՝ զինված ուժերում․ - «Էն մեքենաները, որ ես եմ տեսել, հաստատ ծառայել են»:

Հիշեցնենք՝ Կարեն Գրիգորյանն առանց որևէ բացատրության հրաժարական տվեց հոր մասին Ազգային անվտանգության ծառայության տեսանյութի հրապարակումից ժամեր անց, նա ֆեյսբուքում գրել էր․ - «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»:

Ավելի վաղ նա հայտարարում էր, թե իր հրաժարականի հիմքեր չկան, ի պաշտպանություն իրեն ցույցեր էր կազմակերպում Էջմիածնում՝ ընդդեմ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների: