18-07-2016 10:12

ԱԱԾ. հատուկ նշանակության ստորաբաժանումներին ակտիվ գործողությունների հրաման տրված չէ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԱԾ-ի` դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ։

Հիշեցնենք, հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում է բանակցություններ վարել ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: