Բավ է պառակտվել
08-06-2015 10:44

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի գործարքն ավարտական փուլում է

Իրան-Հայաստան գազատարն առայժմ գտնվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ԲԷՑ) հաշվեկշռում և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ: Ներկայումս գազատարի Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի գործարքը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: «Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյունքում կկատարվեն մնացած վճարումները և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները»,-ասացին նախարարությունից: Նույն աղբյուրի համաձայն՝ տեղեկատվությունն այն մասին, որ Իրան-Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. «Գազատարի Մեղրի- Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է մոտ տասը տարի առաջ, սակայն զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին: Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի գործարքը ՀՀ Կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակներում վճարվել է 30 մլն.ԱՄՆ դոլար կանխավճար»: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքով: «Տարատեսակ մեկնաբանությունները, թե գազատարի Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականություններ դրսևորել, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով»,- նշում են նախարարությունից: