Բավ է պառակտվել
28-01-2014 12:09

՛՛Բանակում մորդ պատրաստած ճաշերը շատ ես կարոտում՛՛. Այսօրվա սահմանապահը՝ բանակում ծառայած օրերի մասին

 ՛՛Անկեղծ ասած, մինչ բանակ գնալը չեմ էլ պատկերացրել ու՞ր եմ գնում կամ ի՞նչ է ծառայությունը՛՛,-հիշելով թե ինչպես 2002թ-ին բանակ զորակոչվեց, նշում է սահմանապահ զորքերի ծառայող՝ Սարգիս Ղևոնդյանը: Ըստ նրա՝ հետաքրքիր է հիշել և պատանիներին պատմել քո անցած ճանապարհի, դժվարությունների, լավ ու բարի օրերի մասին:

՛՛Մինչ ծառայելը, բնական է, որ յուրաքանչյուրիս սրտում վախ կա՝ սպասվելիք օրերի հանդեպ: Հիշում եմ, դեկտեմբերի 22-ին, ինչպես և բոլոր հայկական ընտանիքներում, մի լավ քեֆ արեցինք, տանեցիներս ցանկանում էին ուրախ սրտով բանակ ճանապարհել: 2002թ-ի դեկտեմբերի 23-ն էր: Առավոտյան հավաքվեցինք Չարենցավանի զինկոմիսարիատում: Այնուհետև մեզ տեղափոխեցին Երևան, որտեղ էլ և պարզ դարձավ թե որտեղ պետք է հայրենիքիս նկատմամբ պարտքս կատարեմ…

Մեղրի, երկու տարի ծառայեցի այստեղ և ընդամենը մեկ անգամ հանդիպեցի ծնողներիս: Իմ կարծիքով զգացմունքայնությունը միայն խանգարում է ծառայելուն: Լավ է, որ այդ ընթացքում սիրած աղջիկ չունեի: Ընկերներիս փորձից եմ ասում, սիրահարված ծառայելը նման է անավարտ մղձավանջի: Այդ ընթացքում հարկավոր է զգոնություն, քանի որ թշնամու քայլերն այնքան էլ կանխատեսելի չեն՛՛: Սարգիս Ղևոնդյանը երեսուն տարեկան է, բայց նշում է, որ այսօրվա նման հիշում է բանակում ծառացած խնդիրները:

Ըստ նրա, երբ մի քանի խառնվածքի տեր անձինք հավաքվում են մի վայրում, բնական է, որ անախորժություններ կլինեն, բայց շնորհիվ սպայական կազմի ողջամտության՝ վերջիններս հարթվում էին:

Սովորաբար, ընդունված է կարծել, թե զինվորի համար ամենադժվարն առաջին ու վերջին ամիսներն են: Ըստ Սարգիս Ղևոնդյանի ՝  ծանր ասվածը հարաբերական է. ՛՛Մինչ ծառայելը, բազում խոսակցություններից դատելով, բանակում ծառայելը բոլորովին այլ գույներով է մատուցվում, այսպես ասեմ, մինչև չծառայես, ճիշտ ու հստակ պատկերացում չես ունենա զինվորի առօրյայից, այնպես որ, դեռևս չծառայած տղաներին հորդորում եմ ականջ չդնել այս կամ այն խոսակցությանը՛՛:

Սարգիսը հիշում է, որ ծառայության առաջին օրերի դժվարությունները սերտորեն կապված էին վաղ արթնանալու և նմանատիպ կենցաղային հարցերի հետ. ՛՛Արթնանում էինք 6.30-ին, ցուրտ ձմեռ, ստիպված ես ֆիզպատրաստության անցնել, դեռևս նոր ես ծառայում, բայց հասցնում ես կարոտել մորդ պատրաստած ճաշերը: Ամեն բան ժամանակի հարց է, հարմարվում ես՛՛:

Սարգիս Ղևոնդյանը հիշում է, թե ինչքան դժվար էին անցնում ծառայության վերջին ամիսները: Բայց հիշելով մեր հերոսներին, ովքեր կյանքի գնով հայրենիք են պաշտպանել ՝ մի տեսակ ամաչել է տրտնջալ.՛՛ Ինձ համար անհատականություն և բանակում ծառայելու համար լավագույն օրինակ է սպարապեպ Վազգեն Սարգսյանը: Միայն նրա վարքն ու ապրածը հիշելով, յուրաքանչյուր տղա ծառայությունն իր պարտքը պետք է համարի: Ես ունեմ մեկ աղջիկ: Նրա կողքին կցանկանամ տեսնել հայրենիքին նվիրված, ուժեղ կամքով և ծառայած եղբայր ու ամուսին: Երբ որդի ունենամ, նրան հայրենասիրական ոգով եմ դաստիարակելու, պիտի անպայման ծառայի՛՛:

Զրույցի վերջում Սարգիս Ղևոնդյանը նշում է, որ հպարտ է իր հայրենիքով, շնորհավորում է բոլորիս՝ Հայոց բանակի 22-ամյակի կամակցությամբ և նշում , որ հպարտ է, քանզի այսօր էլ շարունակում է ապրել ու աշխատել ի նպաստ հայրենիքի անվտանգության: 

                                                                                                        Զրուցեց՝  Սյուզի Ասատրյանը