22-10-2016 12:22

Ինչ նպատակով է կրկին ակտիվացել թշնամին

ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»: Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք: Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երևույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռևս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Արդյոք այս անգամ ևս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է ահեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը: