11-11-2016 08:23

ՌԴ քաղաքացիները Հայաստան կայցելեն ներքին անձնագրերով

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կստորագրվի միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագիր։

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին, հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծ պատիվ է կառավարությունում ընդունել Նիկոլայ Ռիժկովին, ով իր ավանդն է ներդրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և նշել, որ դրանք ավելի քան անկեղծ են: Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական և միջտարածաշրջանային հարթակներում:

«Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը: Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Կարեն Կարապետյանին մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ և ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը: