Բավ է պառակտվել
24-03-2016 11:02

Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
 Միջոցառմանը մասնակցել են «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշտոնական պատվիրակության ադամները ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ.Միրիջանյանի գլխավորությամբ:
Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ շարժական կլինիկան օգտագործվելու է խոցելի բնակչությանը` մասնավորապես Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:
«Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը», -ասել է Միրիջանյանը։
Նա ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «Ռոսպոտրեբնադզորին» և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Հայաստանին մատուցած նվերի համար, ինչը, զգալի ներդրում կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում: